ՀայաստանՍպորտ

Հայաստանի ըմբշամարտի ազատ ոճի մինչև 15 տարեկանների հավաքականը թիմային երկրորդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում

Իտալիայի Կաորլե քաղաքում անցկացվող մինչև 15 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը։

Հայաստանը մրցաշարում ներկայացրել է 13 ազատոճային ըմբիշ։ Մրցումների արդյունքում թիմը նվաճել է 6 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե։

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչմանն արժանացել է 57 կգ քաշային Էրիկ Պապիկյանը՝ եզրափակչում առավելության հասնելով Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տիգրան Կոլոտյանի նկատմամբ։

Արծաթե մեդալ է նվաճել նաև Արթուր Մկրտչյանը՝ 75 կգ քաշային կարգում։

Բրոնզե մեդալակիր են դարձել Արեն Փիրուզյանը (44 կգ), Արեն Միրզոյանը (52 կգ) և Համլետ Անտոնյանը (62 կգ)։

Շահեն Մարտիրոսյանը (68 կգ) և Մերուժան Քոչարյանը (85 կգ) մասնակցել են բրոնզե մեդալի համար գոտեմարտերին, սակայն պարտվել են։

Հավաքականի կազմում հանդես են եկել նաև Գոռ Ավետիսյանը (38 կգ), Խաչիկ Թորոսյանը (41 կգ), Նարեկ Դալլաքյանը (44 կգ) և Աշոտ Պետրոսյանը (48 կգ)։

Եվրոպայի առաջնությունը շարունակվում է. առաջիկայում մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները։