
Լևոն Արոնյանը նորից փայլում է. նա դուրս է եկել կիսաեզրափակիչ
Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարում հայ շախմատիստ Լևոն Արոնյանը շարունակում է տպավորել․ նա քառորդ եզրափակչում հաղթեց շախմատի աշխարհի երկրորդ համարին՝ ամերիկացի Հիկարու Նակամուրային։
Արագ շախմատի առաջին երկու պարտիաներում կողմերը փոխանակեցին հաղթանակներ։ Բայց ամեն ինչ վճռվեց կայծակնային խաղում․ առաջին պարտիայում Արոնյանը հաղթանակ տարավ, իսկ երկրորդում՝ գրանցվեց ոչ-ոքի։ Այսպիսով՝ ընդհանուր 2.5։1.5 հաշիվ, և Արոնյանը հերթական քայլն արեց՝ եզրափակիչում հայտնվելու։
Կիսաեզրափակչում հայ գրոսմայստերը մրցելու է հնդիկ Արջուն Էրիգայիսիի հետ։ Մյուս կիսաեզրափակչում իրար դեմ կմրցեն ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Հանս Նիմանը։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Արոնյանը դուրս թողեց աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կառլսենին՝ հաղթելով երկու պարտիաներում։
Freestyle Chess Grand Slam մրցաշարը համարվում է շախմատի այս նոր ձևաչափի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 750 հազար դոլար, իսկ հաղթողը կվաստակի 200 հազար դոլար։