ՀայաստանՍպորտ

Հայ գրոսմայստեր Արամ Հակոբյանը Շվեյցարիայում արծաթե մեդալակիր է դարձել

Հայ գրոսմայստեր Արամ Հակոբյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Շվեյցարիայում կայացած հեղինակավոր «Biel Chess Festival 2025» մրցաշարում։

Մրցաշարը, որը տարիներ շարունակ համարվում է աշխարհի ամենահեղինակավոր շախմատային միջոցառումներից մեկը, այս տարի ևս հյուրընկալել էր աշխարհի տարբեր երկրներից տասնյակ ուժեղագույն շախմատիստների։ Արամ Հակոբյանը հանդես էր գալիս «Challengers» խմբում։ Նա դարձավ այդ խմբի արծաթե մեդալակիր։

Մրցաշարի հաղթող է ճանաչվել Հունաստանի ներկայացուցիչ Նիկոլաս Թեոդորուն, իսկ երրորդ տեղը բաժին է հասել Ղազախստանը ներկայացնող Ռինատ Ջումաբաևին։

Արամ Հակոբյանը հայ գրոսմայստեր է և 2012 թվականի մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն։ Նա նաև հաղթել է Հայաստանի պատանեկան առաջնությունում չորս տարբեր տարիքային խմբերում (Մ10, Մ12, Մ14 և Մ18) և դարձել է 2014 թվականի մինչև 14 տարեկանների Եվրոպայի շախմատի առաջնության փոխչեմպիոն։ Հակոբյանը դասվում է Հայաստանի (13-րդ տեղը) և աշխարհի պատանիների (12-րդ տեղը) լավագույն 15 խաղացողների շարքում (2022 թվականի արդյունքներով)։