ՀայաստանՍպորտ

Ապարանում կայացել է «Արագածի շուրջը» սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը

Ապարանում առաջին անգամ անցկացվել է «Արագածի շուրջը» (Tour de Aragats 2025) սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը։ Մրցաշարի շուրջ 160 կմ երկարությամբ երթուղին անցել է Արագածոտնի և Շիրակի մարզերով։ Մասնակցել է մոտ 70 հեծանվորդ, որոնցից 51-ը՝ մրցակցային կարգով։

Ապարանի համայնքապետարանը առաջնության լավագույն հնգյակում տեղ գտած կանանց և տղամարդկանց համար սահմանել էր 3 մլն դրամ մրցանակային ֆոնդ։ Հաղթողները ստացել են 500 հազար դրամ, երկրորդ տեղը զբաղեցրածները՝ 400 հազար, երրորդ տեղում հայտնվածները՝ 300 հազար, չորրորդ և հինգերորդ տեղերը՝ համապատասխանաբար 200 և 100 հազար դրամ։

Կազմակերպիչների խոսքով՝ առաջնությունը նպատակ ունի խթանել սպորտային տուրիզմի զարգացումը և Հայաստանը դարձնել հեծանվասպորտի սիրահարների մշտական ուղղություն։ Մրցաշարը նախատեսվում է անցկացնել ամենամյա ձևաչափով։

Միջոցառման շրջանակում Ապարանի համայնքապետարանի և Հեծանվորդների ֆեդերացիայի միջև ստորագրվել է հուշագիր՝ համայնքում հեծանվային սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի խթանման և զբոսաշրջային ծրագրերի ընդլայնման ուղղությամբ։ Միջոցառումը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության, Ապարանի համայնքապետարանի և Հայաստանի հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ։