
Գաբրիելա Հարությունյանը հաղթել է Աբու Դաբիի շախմատի փառատոնում
13-ամյա Գաբրիելա Հարությունյանը դարձել է Աբու Դաբիում անցկացված 31-րդ շախմատային փառատոնի մինչև 13 տարեկան աղջիկների արագ շախմատի չեմպիոն։ Մրցաշարը տեղի է ունեցել օգոստոսի 15-ից 24-ը։
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը Գաբրիելան հանդես կգա Մոնտենեգրոյում, որտեղ կանցկացվի Եվրոպայի աղջիկների և պատանիների առաջնությունը։
Աբու Դաբիում հայ պատանի շախմատիստուհին մասնակցել է նաև Ladies Blitz մրցաշարին և ընդգրկվել կանանց լավագույն տասնյակում՝ զգալիորեն բարելավելով իր վարկանիշը։
Գաբրիելան շախմատով սկսել է զբաղվել հինգ տարեկանից։ Այդ ընթացքում նա հասցրել է տպավորիչ հաջողությունների՝ տարբեր տարիներին դառնալով Երևանի մինչև 10 տարեկան աղջիկների, ինչպես նաև Հայաստանի Մ10, Մ12 և Մ14 առաջնությունների չեմպիոն։ Նա նվաճել է նաև Եվրոպայի Մ10 տարեկան աղջիկների առաջնության չորրորդ մրցանակը։
2025 թվականին Գաբրիելան նվաճեց Հայաստանի մինչև 14 տարեկան աղջիկների բացարձակ չեմպիոնի կոչումը և այդ հաղթանակի շնորհիվ ուղեգիր ստացավ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու համար։