ՀայաստանՍպորտ

Արարատում, Եղեգնաձորում և Մարտունիում կառուցվելու են նոր մարզահամալիրներ

Օգոստոսի 28-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Արարտի մարզի Արարատ, Վայոց ձորի Եղեգնաձոր և Գեղարքունիքի մարզիՄարտունի համայնքներում սիրողական սպորտի զարգացման ծրագիրը՝ պետական և մասնավոր հատվածի համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է խթանել զանգվածային սպորտը, ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպի տարածումը։

Յուրաքանչյուր խոշորացված համայնքում կկառուցվի տիպային մարզահամալիր։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մարզահամալիրները կունենան խաղային մարզադահլիճ, լողավազան, ֆիթնես սրահ և սրճարանային հատված, որոնք կնպաստեն ինչպես ֆիզիկական ակտիվության խթանմանը, այնպես էլ համայնքների ժամանցային կյանքի զարգացմանը։ Ծրագրի առաջին փուլում շինարարությունը կիրականացվի պետական միջոցներով՝ 2026 և 2027 թվականներին։ Համալիրները կգրանցվեն որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն։

Ծրագրի երկրորդ փուլում «Հիլլզ» ընկերությունը կկահավորի համալիրները միջազգային չափանիշներին համապատասխան սպորտային սարքավորումներով։ Նշված շարժական գույքը ձեռք է բերվելու ընկերության կողմից, որի փաստացի արժեքի 80 տոկոսը կփոխհատուցվի ՀՀ պետական բյուջեից (ձեռք բերված գույքի 80 տոկոսը կհանդիսանա պետական սեփականություն, 20 տոկոսը՝ ընկերության սեփականություն)։ Պլանավորված է նաև գույքի պարբերական թարմացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով շահագործման առանձնահատկությունները:

Նախարարի խոսքով, այս ձևաչափով համագործակցությունը կհամարվի փորձնական և հնարավորություն կտա նման համալիրներ կառուցել նաև այլ համայնքներում՝ համագործակցելով տարբեր մասնավոր ընկերությունների հետ։