ՀայաստանՍպորտ

Երիտասարդ շախմատիստները վարպետի կոչում են ստացել

Շախմատի միջազգային կազմակերպությունը՝ ՖԻԴԵ-ն, վարպետի կոչում է շնորհել երկու հայ երիտասարդ շախմատիստների։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ տիտղոսակիր են դարձել 13-ամյա Տիգրան Համբարձումյանը և 17-ամյա Մենուա Հակոբյանը։ Նրանց վարկանիշները համապատասխանաբար կազմում են 2351 և 2387։ Նշենք, որ ՖԻԴԵ-ի պատմության ամենաերիտասարդ վարպետը ռուս շախմատիստ Ռոման Շոգջիևն է, որը կոչումը ստացել է 2025 թվականի հուլիսին՝ 10 տարեկան, 3 ամսական և 21 օրական հասակում։ Մինչ այդ ռեկորդը պատկանում էր արգենտինացի Ֆաուստինո Օրոյին։

Միաժամանակ հրապարակվել է սեպտեմբերի լավագույն հայ շախմատիստների ցուցակը։ Հայաստանի առաջատար շախմատիստն այս պահին Շանթ Սարգսյանն է՝ 2653 միավորով։ Նրան հաջորդում են Ռոբերտ Հովհաննիսյանը (2629) և Հայկ Մարտիրոսյանը (2628)։ Առաջին հնգյակում են նաև Գաբրիել Սարգսիսյանը (2626) և Արամ Հակոբյանը (2625)։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Սամվել Տեր-Սահակյանը (2611), Սերգեյ Մովսիսյանը (2600), Մանուէլ Պետրոսյանը (2567), Հովհաննես Գաբուզյանը (2553) և Տիգրան Պետրոսյանը (2551)։

Կանանց շարքում առաջատարը Էլինա Դանիելյանն է՝ 2405 միավորով։ Երկրորդ տեղում Լիլիթ Մկրտչյանն է (2393), իսկ երրորդը՝ Մարիամ Մկրտչյանը (2318)։ Հնգյակում ընդգրկվել են նաև Լիլիթ Գալոյանը (2290) և Մարիա Գևորգյանը (2242)։ Տասնյակը եզրափակում են Սուսաննա Գաբոյանը (2217), Սիրանուշ Անդրիասյանը (2144), Աննա Խաչատրյանը (2131), Մարիամ Ավետիսյանը (2096) և Պոլինա Կոբակը (2081)։

Հարևան երկրներում առաջատարներն ավելի բարձր վարկանիշներ ունեն․ Ադրբեջանում Շախրիյար Մամեդյարովը ունի 2748 միավոր, Վրաստանում Լևան Փանցուլայան՝ 2522, իսկ կանանց առաջատարր Նանա Ձագնիձեն՝ 2518։ Թուրքիայում ամենաբարձր վարկանշ ունեցողը Մուստաֆա Յիլմազն է՝ 2634, բացի այդ՝ 14-ամյա Յաղըզ Քաան Էրդողմուշովը ոչ միայն աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերներից է, այլև առաջին պատանին է, ով այդ տարիքում հաղթահարել է 2600 վարկանշային շեմը։

Հարկ է նշել նաև, որ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը շարունակում է մնալ աշխարհի լավագույն գրոսմայստերների թվում՝ 2730 վարկանշային միավորով։