
Հայ բռնցքամարտիկները 18 մեդալ են բերել Եվրոպայից
Հայաստանի կրտսեր տարիքի բռնցքամարտիկները փայլել են Սերբիայում անցկացված պատանիների Եվրոպայի առաջնությունում՝ ընդհանուր առմամբ նվաճելով 18 մեդալ։
Տղաների հավաքականը վերադարձել է 2 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալով։ Այս արդյունքով Հայաստանի թիմը թիմային հաշվարկում գրավել է պատվավոր 3-րդ տեղը։
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին են արժանացել Արտո Բաղրամյանը (46 կգ) և Մենուա Ուլիխանյանը (54 կգ)։ Բաղրամյանը եզրափակիչում հաղթել է ադրբեջանցի մրցակցին, իսկ Ուլիխանյանը՝ Սերբիայի ներկայացուցիչին։
Արծաթե մեդալակիր են դարձել Սամվել Գրիգորյանը (44 կգ), Դավիթ Դունիամալյանը (48 կգ), Գագիկ Հարությունյանը (63 կգ) և Գրիշա Դիլանյանը (80 կգ)։ Բրոնզը բաժին է հասել Ալեն Նալբանդյանին (40 կգ), Գագիկ Մանուկյանին (50 կգ), Սամվել Սարդարյանին (60 կգ), Սայաթ Թումանյանին (66 կգ) և Ալեքսանդր Առուստամյանին (70 կգ)։
Հաջող է հանդես եկել նաև աղջիկների հավաքականը՝ 4 արծաթե և 3 բրոնզե մեդալով։
Երկրորդ տեղում են հայտնվել Էլեն Բաղդասարյանը (36 կգ), Եվա Գրիգորյանը (46 կգ), Կարինե Դալլաքյանը (51 կգ) և Ամալյա Ավագյանը (64 կգ)։ Բրոնզ են նվաճել Վանեսա Գևորգյանը (40 կգ), Լիզա Կարճիկյանը (54 կգ) և Լյուսի Չիֆլիկյանը (57 կգ)։