Համլետ Մանուկյանի պատվին նոր տարր կանվանվի սպորտային մարմնամարզությունում
18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Փարիզում ընթացող «World Challenge Cup» մրցաշարում ոչ միայն անցել է եզրափակիչ փուլ, այլև մարզաձևի պատմության մեջ թողել իր հետքը։ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որը պաշտոնապես կանվանվի «Մանուկյան»:
Այսպիսով, նա դարձել է 8-րդ հայ մարմնամարզիկը, որի անունով տարր կա սպորտային մարմնամարզությունում։ Մինչ այս տարրեր իրենց անունով ունեցել են Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ), Արթուր Դավթյանը (նժույգ թափեր)։
Համլետ Մանուկյանը սպորտային մարմնամարզության խոստումնալից ներկայացուցիչ է․ նա 2023 թվականին դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն նժույգ թափեր և օղակներ վարժություններում, ինչպես նաև եղել է Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի հաղթող։
«World Challenge Cup»-ը անցկացվում է Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ սեպտեմբերի 11-16-ը։ Մրցաշարին Հայաստանի միակ ներկայացուցիչը Մանուկյանն է։
