ՀայաստանՍպորտ

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Փարիզում դարձավ արծաթե մեդալակիր

Հայ երիտասարդ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը նոր էջ է բացել սպորտային մարմնամարզության պատմության մեջ։ Սեպտեմբերի 13-14-ին Փարիզում կայացած «World Challenge Cup» միջազգային մրցաշարում 18-ամյա մարզիկը նվաճեց արծաթե մեդալ։ Արդեն տեղեկացրել էինք, որ նախօրեին Համլետի պատվին նոր տարր կանվանվի սպորտային մարմնամարզությունում․ նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարած իր նոր տարրը պաշտոնապես ներառվելու է կանոնակարգում «Մանուկյան» անվամբ։

Այսպիսով, Համլետը դարձավ ութերորդ հայ մարմնամարզիկը, որի անունով տարր կա միջազգային սպորտային մարմնամարզությունում։ Նրան նախորդել են լեգենդար Հրանտ Շահինյանը, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը, Արթուր Հակոբյանը, Վահագն Ստեփանյանը, Վահագն Դավթյանը, Հուռի Գեբեշյանը և օլիմպիական բրոնզե և արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը։

Մանուկյանը հայ մարմնամարզության ամենախոստումնալից ներկայացուցիչներից է։ 2023-ին նա դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն նժույգ թափեր և օղակներ վարժություններում, ինչպես նաև հաղթել է Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում։

Փարիզի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը հենց Մանուկյանն էր։