ՀայաստանՍպորտ

Բազկամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները 3 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել

Հայաստանի բազկամարտիկները պատմական հաջողություն են գրանցել Բուլղարիայի Ալբենա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում։

Գերծանր քաշային կարգում Գեղամ Խաչատրյանը ուժեղ մրցակցություն ցույց տվեց և եզրափակչում վստահ հաղթեց թուրք Յըլդըրըմ Թեոմանին՝ դառնալով աշխարհի չեմպիոն։ Մեր մյուս ներկայացուցիչը՝ Մարիամ Սարգսյանը, ևս կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։ Նա նույնպես վճռական հաղթանակ տարավ թուրք մրցակցի նկատմամբ՝ նվաճելով ոսկե մեդալ։ Անկախ Հայաստանի պատմության մեջ Մարիամը երկրորդ մարզուհին է անհատական ուժային մարզաձևերում, որ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը․ առաջինը Նազիկ Ավդալյանն է։

Աշխարհի առաջնությունում Հայաստանի համար առանձնահատուկ պահ էր նաև մինչև 18 տարեկանների պայքարում։ 50 կգ քաշային կարգում եզրափակիչ դուրս եկան երկու հայ մարզիկներ՝ Արա Հովակիմյանը և Դորիկ Այդինյանյանը։ Եզրափակիչը վերածվեց «հայկական եզրափակչի», որտեղ հաղթող դարձավ Հովակիմյանը՝ ապահովելով ևս մեկ ոսկի Հայաստանի համար։

Բազկամարտի աշխարհի 46-րդ առաջնությունը անցկացվել է սեպտեմբերի 11-14-ը՝ ընդգրկելով 57 երկրի ավելի քան 1500 մարզիկի։