Սարգիս Ստեփանյանը չորրորդ անդամ դարձավ պարաբազկամարտի աշխարհի չեմպիոն
Սեպտեմբերի 10-23-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող Պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունում մինչև 80 կգ քաշային կարգում Սարգիս Ստեփանյանը դարձել է աշխարհի չեմպիոն։
Սարգսի համար սա արդեն չորրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է։ Իր մարզական ուղու ընթացքում Ստեփանյանը նաև դարձել է հնգակի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել Աշխարհի գավաթը։
Սարգիս Ստեփանյանը (ծնվ.1983 թ.) հայկական բանակի լավագույն հատուկջոկատայիններից է։ 2014-ին ականի պայթյունի պատճառով հետախույզը զրկվեց երկու ոտքից և աջ թևից։ Բայց որոշեց ոտքի կանգնել ու մարզվել։ Սարգիս Ստեփանյանը հաշմանդամություն ունեցողների համար հիմնել է մարզասրահ, վերականգնողական կենտրոն և իր համախոհների հետ պատրաստում է հաշմանդամային սպորտի ապագա չեմպիոնների։
Սարգիս Ստեփանյանը՝ մետաղե ոտքերին կանգնած, բարձրացրել է 32 կգ գիրը ու ռեկորդ է սահմանել։ Նրա անունն ընդգրկվել է Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների «Դյուցազնագրքում»։ Սարգիսը հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահն է։
