ՀայաստանՍպորտ

Վաղարշապատում կկառուցվի նոր ֆուտբոլային մարզադաշտ

Վաղարշապատը առաջիկա տարիներին կունենա նոր, ժամանակակից մարզադաշտ և ֆուտբոլային ակադեմիա։ Կառավարությունը հավանություն է տվել ներդրումային ծրագրի, որն առաջարկել է «Իմեջին Երևան» ընկերությունը։ Ծրագրի արժեքը մոտ 7,2 միլիարդ դրամ է։

Նախագիծը բաժանված է երկու փուլերի։ Առաջին փուլում (2024-2030 թթ.) կարդիականացվի գործող ֆուտբոլի ակադեմիան՝ այն համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին։ Երկրորդ փուլում (2025-2030 թթ.) նախատեսվում է կառուցել նոր մարզադաշտ, մանկապատանեկան ֆուտբոլային ակադեմիայի շենք, մարզաբազա և անհրաժեշտ օժանդակ կառույցներ։

Նոր մարզադաշտը նախատեսված է 15 հազար հանդիսատեսի համար, իսկ համալիրում կգործեն նաև 4-6 բնական ու արհեստական խոտածածկ մարզադաշտեր։

Շինարարությունը կիրականացվի «Իմեջին Երևան»-ին պատկանող 5,5 հա և համայնքի 23,8 հա հողատարածքներում։ Համայնքի հողամասը ընկերությանը կվաճառվի ուղղակի վաճառքով, ինչի արդյունքում Վաղարշապատի բյուջեն կստանա շուրջ 688 միլիոն դրամ։

Ծրագրի իրականացումը նախատեսում է ստեղծել ավելի քան 100 նոր աշխատատեղ՝ միջինում 380 հազար դրամ աշխատավարձով։ Մարզահամալիրի գործարկումից հետո նոր աշխատատեղեր ևս կավելանան։ Սպասվում է նաև, որ շինարարությունն ու հետագա գործունեությունը կաշխուժացնեն տեղական տնտեսությունը՝ զարգացնելով հյուրանոցային, սննդի ու ժամանցի ոլորտները։

«Իմեջին Երևան» ընկերությունը ստեղծվել է 2023 թվականին՝ «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի կողմից։ Այն արդեն ձեռք է բերել Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի տարածքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։