ՀայաստանՍպորտ

Ֆուտբոլն ու հիշողությունը. ինչո՞ւ 44-օրյա պատերազմի տարելիցին անգամ լռության րոպե չեղավ

Սպորտային աշխարհում, լինի դա ամենամեծ իրադարձությունը, թե տեղի առաջնության որևէ հանդիպում, հանդիպումները ցավալի կամ ողբերգալի իրադարձություններից հետո մեկնարկում են մեկ րոպե լռությամբ կամ էլ մարզիկները խաղադաշտ են դուրս գալիս սև թևկապներով։ Ֆուտբոլում, օրինակ, երբեմն էլ երկրպագուները պայմանավորում են իրադարձությունը որևէ թվի հետ ու այդ ժամանակ մեկ րոպե ծափահարում։ Վերջին նման դեպքը հանրահայտ ֆուտբոլիստ, պորտուգալացի Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի հիշատակին նվիրված հարգանքի տուրքն էր, երբ ամբողջ ֆուտոբոլային աշխարհում ծափահարում էին 20-30 րոպեներին (եղբայրների խաղահամարներն էին), լռությամբ հարգում կամ սև թևկապներով խաղադաշտ դուրս գալիս։

2020 թվականի սեպտեմբերին էլ Ադրբեջանը ագրեսիա սկսեց Հայաստանի վրա, որի հետևանքով ոչ միայն ունեցանք տարածքային, այլև մարդկային կորուստներ։ Օրեր առաջ էլ լրացավ 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը։ Հատկանշական է, որ Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի և ոչ մի հանդիպում չսկսվեց մեկ րոպե լռությամբ։ Միայն «Ուրարտու-2»-ի հանդիպումն է մեկնարկել մեկ րոպե լռությամբ։

Թիմեր են եղել, որոնց սաներն անգամ զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։ Բայց ակումբներն անգամ գրառում չեն արել 5-րդ տարելիցի մասին։ Սպորտային լրագրող, մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը նշում է, որ մի՞ թե դժվար էր դաշտ դուրս գալ սև թևկապներով, հատուկ շապիկներով, որոնց վրա պատկերված կլինեին զոհված տղաների նկարները։

Հետաքրքիր է, որ անգամ ֆուտբոլային միջազգային մրցաշարից առաջ են այնտեղ մեկ րոպե լռությամբ սկսել հանդիպումները։ Օրինակ, Ադրբեջանում անցկացվող ԱՊՀ 3-րդ խաղերի ծրագրի շրջանակում մինչև 16 տարեկանների հավաքականի խաղից առաջ լռության րոպե է եղել։

Բայց սա ամենը չէ։ Պետական մակարդակով անգամ որևէ հիշատակի օր չկա, այնինչ Ադրբեջանում զոհված հերոսների հիշատակին աղոթքներ են մատուցվել Ադրբեջանի ողջ տարածքում գտնվող մզկիթներում, եկեղեցիներում և սինագոգներում: Իշխանությունները նույնիսկ միջոցառումներ են կազմակերպում ամբողջ երկրում և արտերկրում՝ հաղթանակը առիթը նշելու համար: Իսկ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, ադրբեջանցիները մեկ րոպե լռությամբ հարգել են նահատակների հիշատակը։