ՀայաստանՍպորտ

Շախմատի աշխարհի առաջնությունում հինգ հայ շախմատիստ ունեն հարյուր տոկոսանոց արդյունք

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում երկու խաղափուլից հետո հինգ հայ շախմատիստ ցուցադրել են հարյուր տոկոսանոց արդյունք։

Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, 2 միավոր ունեն Ռոբերտ Փիլիպոսյանը (մինչև 18 պատանիներ), Վահե Սուքիասյանը (մինչև 18 պատանիներ), Մանվել Առաքելյանը (մինչև 14 պատանիներ), Անի Ավետիսյանը (մինչև 16 աղջիկներ) և Գաբրիելա Հարությունյանը (մինչև 14 աղջիկներ)։

Լավ արդյունք են ցուցադրել նաև Վաչե Հովակիմյանը (մինչև 16 պատանիներ) և Անահիտ Մկրտչյանը (մինչև 16 աղջիկներ), որոնք ունեն 1.5 միավոր։

Առաջնության 3-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին։

Առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 4-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 13-ը։ Այն անցկացվում է շվեյցարական համակարգով՝ 11 տուրով։ Մրցաշարին մասնակցում են շուրջ 80 երկրների հարյուրավոր երիտասարդ շախմատիստներ։ Հայաստանը ներկայացված է մի քանի տարիքային խմբերում՝ ինչպես պատանիների, այնպես էլ աղջիկների մրցապայքարում։