
Էդուարդ Սպերցյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում․ նրան մեղադրում են ռասիզմի մեջ
«Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Ռուսական Պրեմիր լիգայի 11-րդ տուրի «Կրասնոդար» — «Ախմատ» (2։0) խաղում Սպերցյանը և մրցակցի պաշտպան Ուսման Նդոնգը վիճեցին։ 85-րդ րոպեին Նդոնգը ստացել է կարմիր քարտ՝ Սպերցյանին հարվածելու համար: Խաղից հետո սենեգալացին «Матч ТВ»-ին ասել է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը իր հասցեին ռասիստական արտահայտություն է արել, ինչն էլ իրեն դրդել է հարվածել: Սպերցյանի խոսքով՝ Նդոնգը վիրավորել է իր մորը, մինչդեռ ինքը որևէ անպարկեշտ խոսք չի ասել:
Ռուսական ֆուտբոլում նմանօրինակ դեպք կրկին պատահել է։ Օրինակ, 2017 թվականին «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Պավել Մամաևը «Ախմատի» խաղացող Ռոդոլֆոյին անվանել էր կապիկ: Այդ ժամանակ ակումբը ընդունել էր նրա ներողությունը: Հիմա իրավիճակն այլ է․ Սպերցյանը խոստովանում է, որ իրականում նման արտահայտություն թույնլ տված չի լինի, քանի որ ծնվել և մեծացել է Կովկասում, ընտանիքը իրեն լավ է դաստիարակել։ Նրա մարդկային որակների մասին նշել են ոչ միայն իր խաղընկերները, այլև ռուսական ֆուտբոլում հայտնի մարդիկ։ Օրինակ, Ալեքսեյ Գասիլինը՝ «Զենիթի» նախկին հարձակվողը նշել է, որ ճանաչում է Սպերցյանին դրական տեսանկյունից, և ամեն ինչ հնարավոր է հուզական պահերին։
Հայաստանի հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը իր աջակցությունն է հայտնել խաղընկերոջը․
Նա բարեկիրթ և համեստ տղա է, ով երբեք թույլ չէր տա, որ որևէ մեկին վիրավորեն ռասայական պատկանելության հիման վրա։ Ֆուտբոլը զգացմունքների մասին է, բայց Սպերցյանը գիտի, թե ինչպես դրանք պահել իր մեջ։
Խնդիրն այնքան է սրվել, որ հնարավոր է՝ այս վեճը քննվի Պետդումայում։ Չնայած նման խնդրին՝ ֆուտբոլային մասնագետները նշում են, որ այս հարցը կարող են անձամբ լուծել։ Կրկնակի օլիմպիական չեմպիոն և Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Ֆետիսովը սխալ է համարում Պետդումայի միջամտոթյունը․
Սա լիգայի և Ռուսաստանի ֆուտբոլի միության ներքին գործն է. ոչ ոք չպետք է միջամտի։ Նրանք ունեն բոլոր կանոններն ու կարգավորող մարմինները։Սխալ է, որ դրսի մարդիկ, մասնավորապես՝ Պետդումայի պատգամավորները, միջամտեն խնդրի լուծմանը։
Ինքը՝ Սպերցյանը, անձամբ նշում է, որ նման բան չի եղել: Կիսապաշտպանը զարմանում է, թե ինչպես կարող է նման բան ասել։ Ըստ նրա՝ խաղացողները իր կողքին են եղել և լսել են։ Սպերցյանը վստահեցնում է, որ կարող են ստուգել տեսագրությունները, կարդալ շրթունքների շարժումներով, անգամ պոլիգրաֆ անցկացնել։
Նա նոր է եկել ՌՊԼ, չի ճանաչում ինձ, չի ճանաչում առաջնությունը: Ամբողջ խաղի ընթացքում նա ինձ էր սադրում: Ես մի քիչ հասկանում եմ իսպաներեն: Նա առաջինը ինձ ասաց՝ «La concha tu madre» (որի թարգմանությունը բոլորին հայտնի է՝ մոր վիրավորանք): Ես նրան պատասխանեցի իր լեզվով՝ «Cala boca», որը նշանակում է «լռիր»: Ինչպե՞ս կարող էի ես նման բան ասել, թեկուզ որևէ լեզվով: Ես նման բան երբեք չեմ ասի ոչ մեկին:
Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Գրիշինը «Матч ТВ»-ի եթերում իր գնահատականն է տվել միջադեպի վերաբերյալ․
Կան համապատասխան մարմիններ, որոնք պետք է քննեն այս հարցը: Իհարկե, իրավիճակը տհաճ է: Մյուս կողմից, ես չեմ սիրում խաղացողներին, ովքեր ընկնում են մեկ հպումից: Նդոնգի կողմից հարվածն այնպիսին չէր, որ Սպերցյանը ընկներ: Դե, շրթունքդ պատռվեց, բայց մնա ոտքերիդ վրա, եղիր տղամարդ: Չի լինում այնպես, որ կոնֆլիկտ առաջանա առանց պատճառի: Հնարավոր է՝ երկուսն էլ մեղավոր են, բայց դա պետք է պարզեն համապատասխան մարմինները։
Նշենք նաև, որ եթե Սպերցյանը մեղավոր ճանաչվի, կարող է որակազրկվել ռուսական Պրեմիեր լիգայի մինչև 10 խաղով։ Գործի քննությունն ու դրա պատասխանը կիմանանք միայն միջազգային դադարից հետո, քանի որ Սպերցյանը հրավիրվել է ազգային հավաքականի ճամբար։ Սպերցյանը նախապատրաստվելու է Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում Հունգարիայի (հոկտեմբերի 11) և Իռլանդիայի դեմ հանդիպումներին (հոկտեմբերի 14)։