ՀայաստանՍպորտ

Հայաստանը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոններ ունի մինչև 23 տարեկանների մրցաշարում

Երևանի Սպորտի կառավարման կենտրոնում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունում Հայաստանը մի շարք չեմպիոններ ունի, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Քիչ առաջ Հայաստանը ներկայացնող Էլիդա Քոչարյանը (60 կգ) 5:0 հաշվով հաղթեց ռուս Անաստասիա Ալեքսեևային և դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն։ Ֆեդերացիայի հաղորդմամբ՝ սա բացառիկ արդյունք է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ։

Վերջին օրերին արդեն Եվրոպայի եռակի չեմպիոն է դարձել Սամվել Սիրամարգյանը (75 կգ)։ Չեմպիոնական տիտղոս են նվաճել նաև Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) ու Արգիշտի Հակոբյանը (67 կգ)։ Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր ճանաչվել Վաղարշակ Քեյանը, իսկ Հարություն Մարտիրոսյանը և Վահրամ Դովլաթբեկյանը դարձել էին փոխչեմպիոններ։

Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 3-ին՝ նախկին «Միկա» մարզահամալիրում: