Հայ շախմատիստները հաջող ելույթներ են ունեցել Դոհայում կայացած աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունում
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Տղամարդկանց առաջնությանը մասնակցել են 64 երկրների 252 շախմատիստներ, այդ թվում՝ 166 գրոսմայստեր։ Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Արամ Հակոբյանը և Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել են մրցանակային տեղեր։
Արամ Հակոբյանը 19 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել 10–19-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 18-րդ տեղը։ Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 12 միավոր և կիսել 20–39-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 26-րդ տեղը։ Հատկանշական է, որ առաջնության ընթացքում Մարտիրոսյանը հաղթանակ է տարել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ։
Կանանց առաջնությանը մասնակցել են 42 երկրների 140 շախմատիստուհիներ, այդ թվում՝ 23 գրոսմայստեր և 32 միջազգային վարպետ։ Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը գրանցել է գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ով 15 հնարավորից վաստակել է 8.5 միավոր։ Մրցաշարի շրջանակում Դանիելյանը հաղթանակ է տարել աշխարհի չեմպիոնուհի Բիբիսարա Ասաուբաևայի նկատմամբ։
Հավելենք, որ տղամարդկանց մրցաշարի հաղթող է դարձել Մագնուս Կարլսենը, իսկ կանանց առաջնությունում աշխարհի չեմպիոնուհու կոչումը նվաճել է Բիբիսարա Ասաուբաևան։
