Օլիմպիական խաղերում «Արցախ» անվանումը չի օգտագործվի

Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդների մրցութային ծրագրում այլևս չի նշվի Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության անվանումը․ դրա փոխարեն կհայտարարվի` «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»։

Հայաստանի ներկայացուցիչները նախապես հայտնել էին, որ ելույթ են ունենալու հենց այդ ստեղծագործության ներքո։ Դրանից հետո Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ստեղծագործությունն ունի քաղաքական ենթատեքստ։

Միջազգային մամուլի փոխանցմամբ՝ Օլիմպիական կառույցները շեշտել են, որ խաղերի ընթացքում պետք է պահպանվի քաղաքական չեզոքությունը, քանի որ օլիմպիական հարթակը նախատեսված է խաղաղ մրցակցության և փոխադարձ հարգանքի համար։

Միջազգային գեղասահքի միությունը հայտնել է, որ հարցը քննարկվել է ներգրավված կողմերի հետ, ինչի արդյունքում որոշվել է ծրագրում չօգտագործել ստեղծագործության պաշտոնական անվանումը և նշել միայն հեղինակի անունը։

Ձմեռային օլիմպիական խաղերը Իտալիայում մեկնարկել են փետրվարի 6-ին։ Հայաստանը խաղերին մասնակցում է հինգ մարզիկով՝ դահուկորդներ Միքայել Միքայելյան և Կատյա Գալստյան, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյան, գեղասահորդներ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին։