Գեղարքունիքում խուզարկություններով հայտնաբերվել են զենք և թմրամիջոցներ․ կա 11 կասկածյալ

Գեղարքունիքի մարզում անցկացված օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները մի շարք բնակավայրերում հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոցներ։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ 2025 թվականի նոյեմբերին։

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունը օպերատիվ տեղեկություն էր ստացել, որ Սևան քաղաքի, ինչպես նաև Գագարին, Ծաղկունք և Լճաշեն գյուղերի մի խումբ բնակիչներ ապօրինի պահում են զենք և թմրամիջոցներ։ Նոյեմբերի 15-ին այդ տեղեկության հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ, որից հետո իրականացվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ։

Ձեռք բերված տվյալների հիման վրա ճշտվել է կասկածվող անձանց շրջանակը։ Փետրվարի 4-ին խուզարկություններ են իրականացվել 11 անձանց բնակության վայրերում։

Խուզարկությունների ընթացքում Սևանի 34-ամյա բնակչի տանը հայտնաբերվել են նռնակ և փամփուշտներ։ Մեկ այլ՝ 29-ամյա սևանցու տանը հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ, դեղնականաչավուն զանգված և կանեփի սերմեր։

Ծաղկունք գյուղի 52-ամյա բնակչի տանը իրավապահները հայտնաբերել են կանեփի 22 ցողուն՝ մոտ երկու կիլոգրամ ընդհանուր քաշով, կանեփի սերմեր, շուրջ 620 գրամ կանեփանման զանգված, ինչպես նաև ավելի քան 11 կիլոգրամ չորացված և մանրացված զանգվածներով լցված 32 տարա։ Լճաշենի 49-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է մոտ 288 գրամ մանրացված կանեփանման զանգված։

Գործով նախաքննությունը շարունակվում է, դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։