Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կմասնակցի Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 10 մարզիկ կմասնակցի Բուլղարիայում անցկացվող 77-րդ «Ստրանջա» հեղինակավոր միջազգային մրցաշարին։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հավաքականը մեկնել է Բուլղարիա, որտեղ փետրվարի 23-ից մարտի 2-ը կկայանա A կարգի մրցաշարը։ «Ստրանջա»-ն ավանդաբար համարվում է տարվա ամենահեղինակավոր ստուգատեսներից մեկը։ Այս տարին մրցաշարին մասնակցում է 35 երկրի ավելի քան 350 մարզիկ։
Տղամարդկանց հավաքականը մրցաշարին կմասնակցի Ռուդիկ Մկրտչյանի և Ռոբերտ Պետրոսյանի ղեկավարությամբ։ Թիմի կազմում ընդգրկված են Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Հարություն Հակոբկոխյանը (70 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Նարեկ Մանասյանը (90 կգ) և Դավիթ Չալոյանը (+90 կգ)։
Կանանց հավաքականը գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել երկու մարզիկով՝ Էլիդա Քոչարյան և Անուշ Գրիգորյան։

