
Fastex ՀՊԼ. Չոր հաղթանակներ 13-րդ տուրում․ «Ուրարտուն» շարունակում է մնալ առաջատար
Հոկտեմբերի 26-28 կայացան Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի 13-րդ մրցափուլի հանդիպումները։
Տուրը մեկնարկեց հոկտեմբերի 26-ին «Ուրարտուի» մարզադաշտում։ Տանտերերը մրցեցին «Արարատի» դեմ։ Խաղն ավարտվեց «Ուրարտուի» նվազագույն հաղթանակով (1։0)։ Հաղթական գոլը 35-րդ րոպեին հեղինակեց «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Սիմոնյանը։
Տուրի երկրորդ հանդիպումը «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում էր։ Մրցեցին հետնապահներ «Գանձասարն» ու «Վեստ Արմենիան»։ Վերջինս 1։0 հաշվով առավելության հասավ։ Հանդիպման 50-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Հաջի Դրամեն։
Զուգահեռաբար Աբովյանում ընթացավ «Ալաշկերտ» — ԲԿՄԱ հանդիպումը։ Տանտերերը 2 անպատասխան գնդակ ուղարկեցին բանակայինների դարպասը։ Դուբլով աչքի ընկավ Սարգիս Մեթոյանը։
«Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կայացավ տուրի կենտրոնական խաղերից մեկը։ Երևանի «Փյունիկը» տանը նվազագույն հաշվով առավելության հասավ Չարենցավանի «Վանի» նկատմամբ։ Գոլի հեղինակ դարձավ «նռնագույնների» պաշտպան Խամես դոս Սանթոս Նևեսը 13-րդ րոպեին։ Սա Եղիշե Մելիքյանի հոբելյանական 100-րդ հաղթանակն էր «Փյունիկի» ղեկին։
Տուրի կենտրոնական հանդիպումը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում էր։ «Արարատ-Արմենիան» հյուրընկալել էր «Նոային»։ Ռուի Մոտայի գլխավորած ակումբը հաղթեց արտագնա խաղում 1։0 հաշվով։ 19-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Հելդեր Ֆերերյան։
Խաղից հետո Ռուի Մոտան նշեց, որ հանդերձարանի ճանապարհին «Արարատ-Արմենիայի» երկրորդ մարզիչը հարվածել է իրեն։ «Արարարտ-Արմենիան» պաշտոնական հայտարարություն տարածեց։ Ակումբը նշեց, որ ցավում է տեղի ունեցածի համար և հույս հայտնում, որ միջադեպը կհարթվի:
«Նոան» արձագանքեց հայտարարությանը։ Ակումբը շնորհակալություն հայտնեց «Արարատ Արմենիային» և մաղթեց արդար ու գեղեցիկ ֆուտբոլ։