
Հայաստանը 12-րդ ոսկե մեդալն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում
Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական ոսկե մեդալն է նվաճել։ Ընդհանուր առմամբ Հայաստանը նվաճել է 12 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ։
109 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում 182 կգ ծանրաձողը կարողացավ բարձրացնել․ նա դարձավ վարժության փոքր ոսկե մեդալակիր։ Հրում վարժությունում Կարապետյանը 220 կգ արդյունք ցույց տվեց՝ կրկին նվաճելով փոքր ոսկե մեդալ։
Երկամարտում հայ ծանրորդը 402 կգ արդյունքով կանգնեց պատվո հարթակի վերին աստիճանին՝ դառնալով չեմպիոն։
Ոսկե մեդալակիր դարձավ նաև կանանց 87 կգ քաշային պայքարում Լիանա Գյուրջյանը։ Երկամարտում նա ցույց տվեց 230 կգ արդյունք (100 կգ +130 կգ): Պոկում և հրում վարժություններում Գյուրջյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 214 կգ (93 կգ +121 կգ) արդյունքով նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը: