
Կառավարությունը հաստատեց կիբեռանվտանգության նոր օրինագիծը
Հայաստանում պետական մարմիններն ու կարևոր ենթակառուցվածքներ կառավարող մասնավոր ընկերությունները պարտավոր կլինեն ապահովել տեղեկատվական անվտանգությունը միջազգային չափանիշներին համապատասխան։ «Կիբեռանվտանգության մասին» օրինագիծը, որը հաստատվել է կառավարության կողմից և ուղարկվել Ազգային ժողով, նախատեսում է ISO 27001 ստանդարտի և հետագայում այլ միջազգային նորմերի պարտադիր ներդրում։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կառավարությանը կից կստեղծվի փորձագիտական հանձնաժողով, որը կհետևի կիբեռսպառնալիքների կանխարգելմանը, հետևանքների վերացմանը և պետական ու մասնավոր հատվածի պաշտպանության համակարգերի կատարելագործմանը։ Նա ընդգծեց, որ վերջին հինգ տարիների կիբեռսպառնալիքները աճել են 3-5 անգամ։
Օրինագիծը սահմանում է կիբեռանվտանգության նվազագույն, բայց պարտադիր կանոններ։ Կառավարությունը նաև հավանություն է տվել «Հանրային տվյալների մասին» նախագծին, որի համաձայն՝ պետական մարմինները չեն կարողանա կրկին պահանջել քաղաքացիներից արդեն տրամադրված տվյալները։ Տեղեկատվությունը կպահվի միասնական համակարգում, այլ ոչ թե առանձին գերատեսչություններում, ինչը կհեշտացնի դրա փոխանակումը և կավելացնի պաշտպանությունը։
Նախարարը տեղեկացրել է, որ անվտանգության ապահովման նպատակով նախատեսվում է պետական կառույցների համար գնել միասնական MS Office փաթեթ, իսկ պետական տվյալների բազաների համար՝ մասնագիտացված ծրագրային ապահովում։