Լրագրողին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան․ ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել
WarGonzo-ի խմբագրությունը հայտարարել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մերժել է իրենց հատուկ թղթակից Դմիտրի Սելեզնյովի մուտքը Հայաստան՝ նրան դասելով որպես պետական անվտանգության և հասարակական կարգի համար սպառնալիք ներկայացնող անձ։ WarGonzo-ն հիմնադրել է Սեմյոն Պեգովը, ով ակտիվորեն լուսաբանել է 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը։
Ըստ աղբյուրի՝ Սելեզնյովը 2025 թվականի նոյեմբերին ընտանիքի հետ ժամանել էր Երևան՝ հանգստի նպատակով, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում նրան թույլ չեն տվել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։
WarGonzo-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ խմբագրությունը ստացել է ՀՀ ԱԱԾ-ի պաշտոնական պատասխանը՝ կապված լրագրող Դմիտրի Սելեզնյովի՝ Հայաստան մուտք գործելու արգելքի հետ։
ԱԱԾ-ի պատասխանում նշվում է, որ լրագրողի մուտքը մերժվել է «Օտարերկրյա անձանց մասին» օրենքի կետերի հիմքով։ Ըստ այդմ՝ կետերից մեկը վերաբերում է այն դեպքերին, երբ առկա են հիմնավոր տվյալներ, որ անձը կապված է կազմակերպության հետ, որը սպառնալիք է ներկայացնում պետական անվտանգության, սահմանադրական կարգի կամ պաշտպանունակության համար։ Հաջորդ կետը նախատեսում է մուտքի մերժում, եթե առկա են պետական անվտանգության կամ հասարակական կարգի դեմ ուղղված այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ։
WarGonzo-ի խմբագրությունը ենթադրում է, որ որոշումը կարող է կապված լինել Սելեզնյովի լրագրողական գործունեության և 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում տարածաշրջան կատարած այցելությունների և լուսաբանումների հետ։ Հրապարակման մեջ նշվում է նաև, որ իրենք արգելքը դիտարկում են որպես սահմանափակում ամբողջ նախագծի գործունեության նկատմամբ։
Միաժամանակ խմբագրությունը ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը չի փոխում իրենց վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։

