ՀայաստանՏեխնոլոգիա

Կեղծ զանգերի միջոցով զեղծարարները հափշտակում են անձնական տվյալներ և գումարներ

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ վերջին ամիսներին տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր սխեմա։ Քաղաքացիներին զանգահարում են տարբեր հեռախոսահամարներից կամ հաղորդագրություններ ուղարկում հաղորդակցման հավելվածների («WhatsApp», «Facebook», «Telegram» և այլն) միջոցով՝ ներկայանալով որպես բջջային կապի օպերատորների աշխատակիցներ։

Զանգերի ընթացքում խաբեությամբ պնդում են, թե անհրաժեշտ է թարմացնել 5G ինտերնետի կարգավորումները, և հորդորում մուտք գործել որոշ հավելվածներ կամ անցնել որոշ հղումներ։ Այս գործողություններից հետո հանցավոր խմբերը հասանելիություն են ստանում քաղաքացիների հեռախոսներում պահպանվող տվյալներին՝ ներառյալ էլեկտրոնային դրամապանակներ և բանկային հաշիվներ, ինչի արդյունքում հափշտակում են գումարներ կամ ձևակերպում վարկեր։

Դատախազությունը կոչ է անում քաղաքացիներին նմանատիպ զանգեր ստանալիս չկատարել որևէ գործողություն և անմիջապես կապ հաստատել իրենց բջջային կապի օպերատորի հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։