
Մարդկանց դեպի Մարս տեղափոխվելու համար ստեղծված տիեզերանավը ձախողվել է
Մարդկությանը Մարս հասցնելու նպատակով ստեղծված ամենահզոր տիեզերանավը՝ SpaceX-ի Starship-ը, մայիսի 28-ին իր իններորդ փորձնական թռիչքի ժամանակ չկարողացավ անվտանգ կատարել վայրէջք։ Թռիչքն ավարտվեց տեխնիկական խափանմամբ, երբ վայրէջքի փուլում ընկերությունը կորցրեց կապը տիեզերանավի հետ։
Starship-ը SpaceX-ի ամենահամարձակ նախագիծներից է։ Ընկերությունը, որը հիմնադրվել է Իլոն Մասկի կողմից 2002 թվականին, այսօր համարվում է առևտրային տիեզերագնացության առաջատարներից։ SpaceX-ը առաջին մասնավոր ընկերությունն է, որը տիեզերագնացներ է ուղարկել միջազգային տիեզերակայան, և առաջինը՝ որն իրականացրել է հաջող վայրէջք վերօգտագործվող հրթիռով։
Starship ծրագիրը նախատեսված է միաժամանակ մեծաքանակ բեռներ և անձնակազմ տեղափոխելու համար՝ նախ դեպի Լուսին, ապա՝ դեպի Մարս։
Թռիչքի մեկնարկը հաջող էր․ տիեզերանավը բարձրացավ Բոկա Չիկայից, բաժանվեց կրիչ հրթիռից և բարձրացավ նախատեսված բարձրության։ Սակայն վերադառնալու ժամանակ Starship-ը չկարողացավ ապահովել լիարժեք վերահսկվող վայրէջք։ SpaceX-ի տվյալներով՝ վայրէջքի փուլում տեխնիկական խափանում է արձանագրվել, ինչի պատճառով կապը տիեզերանավի հետ ընդհատվել է։
Իլոն Մասկը X հարթակում (նախկինում՝ Twitter) հայտարարել է, որ չնայած ավարտի խափանմանը, թռիչքը արժեքավոր տվյալներ է ապահովել։
Յուրաքանչյուր փորձ մեզ մոտեցնում է մեր հիմնական նպատակին՝ Մարսի գաղութացմանը, — նշել է նա։
Չնայած հերթական խափանմանը՝ SpaceX-ը, ինչպես նախորդ փորձարկումների դեպքում, պատրաստվում է վերլուծել թռիչքի տվյալները և շարունակել Starship-ի փորձարկումները՝ հաջորդ մեկնարկը նախատեսելով մոտ ապագայում։