ՀայաստանՏեխնոլոգիա

Թումոն բացեց իր առաջին կենտրոնը Ասիայում

Ճապոնիայի Տակասակի քաղաքում պաշտոնապես բացվեց Թումոյի առաջին կենտրոնը Ասիայում՝ Թումո Գունման։ Կենտրոնը գործում է G Messe Gunma համաժողովների համալիրում՝ Գունմա պրեֆեկտուրայի աջակցությամբ։

Նորաբաց կենտրոնը նախատեսված է հազարավոր ճապոնացի պատանիների համար՝ նրանց տրամադրելով ժամանակակից կրթություն տեխնոլոգիաների, դիզայնի և արհեստական բանականության ոլորտներում։ Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի խոսքով՝ կենտրոնը ներկայացնում է Հայաստանի և Ճապոնիայի համագործակցության հաջողված օրինակ՝ ընդգծելով հայկական կրթական մոդելի արտահանման հնարավորությունը բարձր տեխնոլոգիական երկրներ։

Թումո Գունման նախատեսվում է ընդլայնել. առաջիկայում կենտրոններ և Թումո տուփեր կբացվեն նաև Մաեբասի և Կուսացու քաղաքներում՝ կրթական ծրագիրը հասանելի դարձնելով ավելի մեծ թվով պատանիների։

Նշենք, որ 2018 թվականից ի վեր Թումո կենտրոններ են բացվել Փարիզում, Բեյրութում, Տիրանայում, Բեռլինում: