ՀայաստանՏեխնոլոգիա

Թումոն հասավ Հնդկաստան․ Հարավային Ասիայում կբացվի առաջին կենտրոնը

2025 թվականի նոյեմբերին Մումբայում կբացվի Հարավային Ասիայի առաջին Թումո-ն՝ հայկական ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Այն հիմնվելու է Շանթիլալ Շանգվի բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ և կտեղակայվի Շիկհա ակադեմիայի նորակառույց շենքում։ Թումո Մումբայը հնարավորություն կտա շաբաթական 1800 պատանու անվճար սովորել տեխնոլոգիաների, արհեստական բանականության և դիզայնի ոլորտներում։

Թումոյի կրթական մոդելը եզակի է՝ համատեղելով ինքնուսուցումն ու գործնական դասընթացները, հատուկ աշխատարանների միջոցով ուսանողները կարող են կառուցել իրենց անհատականացված կրթական ուղին, աշխատել առաջատար մասնագետների հետ և զարգացնել անհրաժեշտ հմտություններ կարիերայի համար։

Նոր կենտրոնի բացումից առաջ Թումոյի թիմն արդեն կազմակերպել է AI դասընթացներ Մումբայի սոցիալապես խոցելի համայնքների պատանիների համար՝ սովորեցնելով կոդի գեներացում, AI կարգավորում, ինտերակտիվ կայքերի ծրագրավորում և ստեղծագործական նախագծեր։

Թումոյի միջազգային ցանցը ներկայում ընդգրկում է Արգենտինան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Գերմանիան, Ալբանիան, Ճապոնիան։ Շուտով կենտրոններ կբացվեն նաև Ուրուգվայում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում, Վրաստանում և Ղազախստանում։