ՀայաստանՏեխնոլոգիա

Հայաստանի առաջընթացը Նորարարությունների համաշխարհային ինդեքսում՝ հակասական պատկերով

Հայաստանը 2025 թվականի Նորարարությունների համաշխարհային ինդեքսում զբաղեցրել է 59-րդ տեղը, 2024-ի համեմատ բարելավելով դիրքը 4 կետով, իսկ 2023-ի համեմատ՝ 13 կետով։ Ինդեքսը հրապարակել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը։

Հիմնական աճը պայմանավորված է բիզնեսի տեխնոլոգիական հագեցվածության (Business sophistication) ցուցանիշով, որտեղ Հայաստանը 95-րդից բարձրացել է 78-րդ հորիզոնական։ Սա կապված է ՏՏ ոլորտի արագ աճի հետ․ վերջին տարիներին ծրագրավորողների թիվն ավելացել է, իսկ 2022-ից հետո ռուսական տասնյակ ՏՏ ընկերությունների տեղափոխումը Հայաստան լրացուցիչ խթան է հանդիսացել։ Միևնույն ժամանակ, տեղական ՏՏ արդյունաբերությունն էլ շարունակում է զարգանալ։

Սակայն նույն ցուցանիշի այլ բաղադրիչներում Հայաստանը դեռ շատ ցածր դիրքերում է։ Բիզնեսի ու համալսարանների կամ գիտական կենտրոնների համագործակցությունը շատ ցածր մակարդակի վրա է․ Հայաստանը այս ցուցանիշով 116-րդ տեղում է։

Բացասական դինամիկա է գրանցվել «Գիտելիքի և տեխնոլոգիաների արդյունքներ» (Knowledge and technology outputs) ցուցանիշում․ եթե 2024-ին Հայաստանը 60-րդ տեղում էր, ապա 2025-ին՝ արդեն 65-րդ։ Սա նշանակում է, որ արտոնագրերի քանակը, բարդ արտադրանքի արտադրությունը և գիտության ներդրումը տնտեսության մեջ դեռ շատ թույլ են։

Ամենամեծ աճը գրանցվել է ստեղծագործական արդյունքների (Creative outputs) ոլորտում․ Հայաստանը 61-րդից բարձրացել է 47-րդ հորիզոնական։ Սակայն այս աճը կապված է ոչ թե տեխնոլոգիական զարգացումների, այլ առևտրի և ծառայությունների ոլորտի ակտիվության հետ՝ ապրանքանիշերի, արդյունաբերական դիզայնի, զբոսաշրջային ծառայությունների և բջջային հավելվածների ներբեռնումների աճի հաշվին։

Համեմատության համար՝ Չինաստանը և Հնդկաստանը, որոնք համարվում են զարգացող նորարարական կենտրոններ, ընդհանուր վարկանիշում գտնվում են համապատասխանաբար 10-րդ և 38-րդ տեղերում, սակայն «Գիտելիքի և տեխնոլոգիաների արդյունքներ» ցուցանիշով առաջ են անցել իրենց միջին դիրքից․ Չինաստանը այստեղ առաջինն է, Հնդկաստանը՝ 22-րդը։

Այսպիսով, Հայաստանի դիրքի բարելավումը Նորարարությունների համաշխարհային ինդեքսում ցույց է տալիս տնտեսության որոշ ճյուղերի աշխուժացում, սակայն իրական տեխնոլոգիական առաջընթացը դեռևս սահմանափակ է։