ԱշխարհՏեխնոլոգիա

Ռուսաստանում խափանումներ են գրանցվել WhatsApp-ի և Telegram-ի աշխատանքում․ իշխանությունները խոստովանել են՝ դա իրենց նախաձեռնությունն է

Ռուսաստանի իշխանությունները մեծացրել են ճնշումը WhatsApp և Telegram հավելվածների վրա։ «Ռոսկոմնադզոր»-ը պաշտոնապես ընդունել է, որ Ռուսաստանի տասնյակ շրջաններում այդ հավելվածների աշխատանքի խափանումները պատահական չեն, այլ իրենց գործողությունների արդյունք են։ Ըստ գերատեսչության՝ սահմանափակումները իրականացվում են «հանցագործների դեմ պայքարի» նպատակով։

Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի հարավային շրջանների օգտատերերը զանգվածաբար բողոքել էին WhatsApp-ի և Telegram-ի աշխատանքի խափանումներից։ Երկու օր անց «Ռոսկոմնադզոր»-ը հաստատեց, որ մասնակիորեն սահմանափակում է ծառայությունների հասանելիությունը։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ սահմանափակումներն արդեն ազդել են 34 շրջանների վրա, որտեղ բնակվում է մոտ 93 միլիոն մարդ, այսինքն՝ երկրի բնակչության ավելի քան 60%-ը։ Դրանք ներառում են Մոսկվան և Մոսկվայի մարզը, Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի, Սվերդլովսկի և Նովոսիբիրսկի մարզերը, ինչպես նաև Թաթարստանը։

Նախքան դա՝ օգոստոսի վերջին, Ռուսաստանը արդեն արգելափակել էր զանգերի ֆունկցիաները երկու հավելվածներում։ Այժմ սահմանափակումները տարածվել են դրանց հիմնական գործառույթների վրա։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանում սկսվել է արտասահմանյան SIM քարտերի արգելափակման գործընթացը։ Հոկտեմբերի 6-ից ի վեր ցանկացած արտասահմանյան SIM քարտ, որը միանում է ռուսական ցանցին, ենթարկվում է 24-ժամյա արգելափակման՝ առանց ինտերնետի և SMS ծառայության հասանելիության։ Այս քայլը բացատրվում է «դրոնների դեմ պայքարի և ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ»։

Ռուսական իշխանությունները փորձում են քաղաքացիներին տեղափոխել «ազգային մեսենջեր» MAX հարթակ, որը ստեղծվել է VK ընկերության ենթակառուցվածքի հիման վրա։ Սակայն անկախ հարցումների համաձայն՝ սեպտեմբերին հարցվածների 47%-ը հայտարարել է, որ հրաժարվում է տեղադրել նոր հավելվածը։