Առցանց «վճարվող առաջադրանքները» կարող են լուրջ վտանգներ պարունակել
Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ վերջին շրջանում լայն տարածում են գտել առցանց հարթակների և բջջային հավելվածների միջոցով առաջարկվող վճարվող առաջադրանքները, որոնք պահանջում են տարբեր վայրերի, օբյեկտների, փողոցների լուսանկարահանում, ինչպես նաև կասկածելի հարցումների լրացում։
ՆԳՆ փոխանցմամբ՝ նման առաջադրանքները հաճախ ներկայացվում են որպես անվնաս, սակայն կարող են պարունակել ռիսկեր։ Մասնավորապես, դրանք կարող են կապված լինել պետական կամ ռազմավարական նշանակության օբյեկտների լուսանկարահանման, ենթակառուցվածքների, անվտանգության համակարգերի կամ տեղակայման տվյալների հավաքման, ինչպես նաև անձանց, մեքենաների կամ մասնավոր տարածքների պատահական ֆիքսման հետ։
Շատ դեպքերում առաջադրանք կատարող քաղաքացիները չեն տեղեկացվում, թե ով է նախաձեռնողը, ինչ նպատակով են հավաքագրվում տվյալները և ինչպես կարող են դրանք հետագայում օգտագործվել։
Նախարարությունը խորհուրդ է տալիս չկատարել այնպիսի առաջադրանքներ, որոնք կապված են լուսանկարահանման կամ տվյալների հավաքման հետ, եթե դրանց նպատակը հստակ չէ կամ առաջացնում է կասկած։
