
Եկամուտների հայտարարագրումը պարզեցվա՞ծ, թե ձախողված գործընթաց
ՀՀ կառավարությունը հայտարարում է եկամուտների հայտարարագրման գործընթացի «պարզեցման» մասին․ ըստ ընդունված որոշման՝ հայտարարագրերը այսուհետ նախալրացվելու են ՊԵԿ-ի կողմից։ Քաղաքացիները պետք է միայն մուտք գործեն համակարգ, ստուգեն տվյալների ճշտությունը և անհրաժեշտության դեպքում կատարեն փոփոխություններ։
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ փոփոխությունները նախաձեռնվել են ՔՊ խմբակցության կողմից՝ եկամուտների հայտարարագրման համակարգը պարզեցնելու նպատակով։ Նրա պարզաբանմամբ՝ եթե հայտարարագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չլինի, ապա այն կհամարվի լրացված՝ առանց քաղաքացիների միջամտության։ Այս և հաջորդ տարվա համար սահմանվել է անցումային ժամկետ՝ մինչև նոյեմբերի 1-ը։
Սակայն այստեղ հարց է առաջանում՝ արդյոք այս մոտեցումը չի վերածվելու հերթական ձևականության։ Կառավարության նոր նախաձեռնությունը, ըստ որի ՊԵԿ-ը նախալրացնելու է քաղաքացիների եկամուտների հայտարարագրերը, ներկայացվում է որպես համակարգի պարզեցում, սակայն այդ դեպքում հայտարարագրումը կարող է դառնալ անիմաստ, որովհետև մինչ այժմ էլ պետությունը տեղեկություններ ուներ քաղաքացիների ստացած աշխատավարձերի, վարկերի, և այլնի վերաբերյալ, և հայտարարագրման գործընթացը, որը սկզբում նկարագրվում էր որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջոց, այժմ կարծես կորցնում է իր դերն ու նշանակությունը։
Համակարգի ավտոմատացումը կարող է որոշ դեպքերում հեշտացնել գործընթացը, սակայն նաև նվազեցնել հանրային վերահսկողության և թափանցիկության մակարդակը։
Նախարարի տեղակալը հավելել է, որ եթե քաղաքացին ցանկանում է հետ ստանալ առողջապահական և կրթական ծախսերը, ապա պարտադիր պետք է գրանցվի ՊԵԿ համակարգում և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնի հայտարարագիրը։
ՊԵԿ տվյալներով՝ այս պահի դրությամբ շուրջ 130 հազար քաղաքացի արդեն ներկայացրել է հայտարարագիր։ Բայց իրականում հայտարարագիր պետք է ներկայացնի առնվազն 700 հազար քաղաքացի։
Ըստ նոր կարգի՝ մինչև 300 հազար դրամ փոխանցումները կարելի է չհայտարարագրել։ Որոշ փորձագետներ կարծում են, որ սա «բացում է ճանապարհը» փոքր կաշառքների և ստվերային գործարքների համար։