
Ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Թրամփի հաղթանակը ԱՄՆ ընտրություններում
Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2024 թվականի նոյեմբերի 5-ին կայացավ նախագահական ընտրությունները։ Դա երկրի պատմության մեջ 60-րդ նախագահական ընտրությունն էր:
Դեմոկրատական կուսակցությունը նախագահի թեկնածու էր առաջադրել Քամալա Հարիսին։ Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու էր առաջադրվել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը, ով ձայների 50.7 տոկոսով կրկին դարձավ երկրի նախագահ։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքերով՝ ո՛չ Հարիսը, ո՛չ էլ Թրամփը առանձնապես հայկական օրակարգ չունեին, և ԱՄՆ-ի նախագահի ընտրությունը հատուկ որևէ բան չէր փոխելու մեր երկրի համար։
Քաղաքագետը նշում է, որ Թրամփի ծրագրային առաջնահերթությունն է պատերազմների դադարեցումը։ Թրամփի այս քաղաքականությունը հույս է տալիս մեր մերձակա տարածքներում պատերազմների դադարեցմանը։
Ջո Բայդենը իր կառավարության 4 տարում ոչ մի հանդիպում և հեռախոսազրույց չի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայաստանի հետ կապված փոփոխությունների մեծ ակնկալիքներ չունեմ,- նշում է քաղաքագետը։
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը տարբերակ չունի չաշխատելու Միացյալ Նահանգների նոր ղեկավարի հետ։
Նահանգները աշխարհի հեգեմոնն է այս պահին։ Մենք այնպիսի իրավիճակում ենք, որ ցանկացած ղեկավարի հետ պետք է աշխատել, այլընտրանք չկա։ Հայաստանի քաղաքականությունը պետք է լինի Թրամփի վարչակազմի հետ, պետք է փորձի հաստատել կապեր, որտեղ հայ համայնքը մեծ դեր կարող է ունենալ,- նշում է քաղաքագետը։
Քաղաքագետը նշում է, որ անձնական կապերը Թրամփի իշխանության օրոք շատ կարևոր են լինելու։ Հայ համայնքը պետք է վերակազմավորվի։ Հայաստանը 100 տարի ասում էր, որ ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը, Բայդենը ճանաչեց, սակայն որևէ քայլ դրան չհետևեց։ Հայ-ամերիկյան հարաբերությունները պետք է բերվեն ինստիտուցիոնալ նոր մակարդակի՝ փոխադարձ շահերի դաշտ։
Քաղաքագետը նաև հավելում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված կա 2 տարբերակ՝ ըստ փորձագետների:
Առաջին տարբերակը նախկին պետքարտուղար Պոմպեոյի և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոնսոնի տարբերակն է, ըստ որի՝ այն հատվածը, որը վերահսկում է Ռուսաստանը, մնում է Ռուսաստանին, բայց չի ճանաչվում որպես Ռուսաստանի մաս։ Իսկ այն հատվածը, որը վերահսկում է Ուկրաինան, դառնում է ՆԱՏՕ-ի մաս։ Երկրորդ տարբերակն այն է, որ Ուկրաինան չի դառնում ՆԱՏՕ-ի անդամ, բայց պետք է տրվեն երաշխիքներ, որ Ռուսաստանը չի հարձակվի այդ հատվածի վրա, — նշում է քաղաքագետը։