ՀայաստանՊատահար

Ծափաթաղում անհետացած 3–ամյա երեխայի հայրը ձերբակալվել է

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում անհետացած 3-ամյա Տիգրան Օվանեսովի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նրա հայրը։

ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացրել է, որ կատարվել է երեխայի դիակի արտաքին զննություն, որի ընթացքում գլխի և մարմնի հատվածներում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։

Նախնական տվյալներով՝ տղային խեղդամահ է արել հայրը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, ոստիկանությունը հաղորդում էր ստացել, որ Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16։30-ի սահմաններում կորել է։

Երեխայի որոնումներին մասնակցել են շուրջ 500 ոստիկան, փրկարար և կամավոր։ Նրա դին հայտնաբերվել է նոյեմբերի 2-ին՝ Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։