ՀայաստանՊատահար

Անչափահաս որդու կողմից հոր դեմ սպանության փորձի գործով նախաքննությունն ավարտված է

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է հոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ անչափահաս որդու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Նախաքննությամբ պարզվել է, որ անչափահասը, հոր կողմից մորը պարբերաբար վիրավորելու և նախկինում ծեծի ենթարկելու պատճառով վրեժխնդիր լինելու դրդումով, խոհանոցային դանակով մեկ տասնյակից ավելի հարվածներ է հասցրել քնած հոր մարմնի տարբեր հատվածներին։ Տղամարդը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասել․ հայրը արթնացել է և կարողացել դանակը խլել որդու ձեռքից։

Անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով՝ մերձավոր ազգականի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։ Վերջինիս նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ տնային կալանք։

Անչափահասը, չնայած տնային կալանքին, հոր հետ մի հարկի տակ չի գտնվում։

Քննչական մարմինը հայտնում է, որ քրեական գործի նյութերը ուղարկվել են դատախազին՝ դրանք հաստատելու և դատարան ներկայացնելու միջնորդությամբ։