
Վարչապետին վերագրվող ձայնագրության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
2025 թվականի հունիսի 26-ին համացանցում տարածվել է «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերնագրով ձայնագրություն, որն ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն է։
ՔԿ հաղորդմամբ՝ նախնական տվյալներով ձայնագրությունը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։ Կասկածվում է, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, կեղծ ձայնագրությունը տեղադրել են համացանցում՝ նպատակ ունենալով առաջացնել իրավաբանական հետևանքներ։
Վարույթը նախաձեռնվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային կեղծիք կատարելու հատկանիշներով (ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ):
Նշվում է, որ այս պահին իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ կեղծ ձայնագրության հեղինակների ինքնությունը պարզելու և նրանց արարքին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։