
Վթար Թալին-Աշտարակ ավտոճանապարհին. կա վեց տուժած
Հունիսի 27-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Արագածոտնի մարզում՝ Թալին-Աշտարակ ավտոճանապարհին, տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով տուժել է վեց մարդ։ Տեղեկությունը հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Ըստ հաղորդման՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին Ford մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և շրջվել։
Մինչ փրկարարների ժամանումը, մեքենայի վարորդն ու հինգ ուղևորները դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի բնակիչների օգնությամբ և հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել անվտանգության անհրաժեշտ գործողություններ։