ՀայաստանՊատահար

Երևանում տղամարդուն առևանգել են գումարային վեճի պատճառով. երկու կասկածյալ ձերբակալվել է

Երևանում օրեր առաջ տեղի ունեցած առևանգման դեպքը բացահայտվել է։ Տղամարդը փողային վեճի ընթացքում բռնության է ենթարկվել, այնուհետև առևանգվել։

Ինչպես Amnews-ին հայտնեցին ոստիկանությունից՝ հունիսի 28-ին Երևանի Քրեական ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել 46-ամյա մի կին, ով հայտնել է, որ հունիսի 27-ի ուշ երեկոյան Տիգրան Մեծի պողոտայում իրեն և ամուսնուն մոտեցել են երկու ծանոթ և երկու անծանոթ անձինք։ Վերջիններս գումարի հետ կապված հարցերի շուրջ վիճաբանել են ամուսնու հետ, իսկ նրանցից մեկը հարվածել է տղամարդուն։

Որոշ ժամանակ անց տղամարդը նստել է նրանց մեքենան և հեռացել անհայտ ուղղությամբ։ Առավոտյան կնոջը զանգահարել է նշված անձանցից մեկը և պահանջել գումար, ինչը հաստատում է առևանգման փաստը։

Ոստիկանության տվյալներով՝ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է առևանգման մասնակից երկու անձի ինքնությունը։ Նրանք Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 36 և 34 տարեկան եղբայրներ են։

Հունիսի 30-ին, ժամը 14։00-ին, նրանք հայտնաբերվել են Կամարիս գյուղում, ձերբակալվել և ներկայացվել են քննչական մարմնին։

Դեպքի առթիվ մարդու առևանգման և ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը շարունակում է միջոցառումները՝ առևանգման մասնակից մյուս երկու անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։