ՀայաստանՊատահար

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման դեպք է բացահայտվել

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական դեպքը։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Զ.Ա. անունով անձը, 2021-2023 թվականներին, համագործակցելով մի շարք անձանց հետ, «Telegram» հավելվածի միջոցով ապօրինի ձեռք է բերել և իրացրել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ։

Հանցավոր սխեման գործել է առցանց խանութ-հարթակների միջոցով։ Թմրամիջոցի գնորդներին տրամադրվել են կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ, որոնց վրա փոխանցվել են վճարումները։ Այդ կերպ, ըստ նախաքննության՝ կազմակերպիչները թաքցրել են հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների ծագումը և կանխիկացրել են շուրջ 85 մլն դրամին համարժեք գումար, կատարելով փողերի լվացում։

Զ.Ա.-ի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության (393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ), առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ( 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ) մասերով։

Քրեական գործն արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։