
Քաղաքացու խոշտանգման դեպքով երկու պարեկի մեղադրանք է առաջադրվել
Ավարտվել է 2022 թվականի օգոստոսին տեղի ունեցած խոշտանգման դեպքի նախաքննությունը, որի ընթացքում Պարեկային ծառայության երկու աշխատակիցներ մեղադրվում են քաղաքացու հանդեպ բռնություն կիրառելու և լիազորությունները չարաշահելու համար։
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ պարեկներից մեկը քաղաքացու նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառել՝ բռունցքներով հարվածելով ձերբակալված անձի կրծքավանդակին՝ վերջինիս ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք պատճառելու նպատակով։ Մյուս աշխատակիցը ոչ միայն չի կանխել գործընկերոջ գործողությունները, այլև միջոցներ չի ձեռնարկել խոշտանգման մասին հաղորդում ներկայացնելու համար։
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են մեքենա, որի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում։ Վարորդի ուղևորը միջամտել է պարեկների գործողություններին և, նրանց պահանջին չենթարկվելով, տարվել է ոստիկանության բաժին, որտեղ էլ տեղի է ունեցել բռնությունը։
Քննչական մարմինը պարեկներից մեկին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում), իսկ մյուսին՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում)։
Վարույթն իրականացնող մարմինը կասեցրել է նրանց պաշտոնավարումը։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ դատարան ներկայացնելու միջնորդությամբ։