Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր
Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր։ Այդ մասին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ԱԹՍ-ների արդյունավետությունն ապացուցված է կիրառման հարուստ փորձով, և դրանք էականորեն կնպաստեն Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Նա նաև նշել է, որ «Արտաքին ռազմական վաճառք» (Foreign Military Sales) ծրագրի շրջանակում իրականացված գործարքը կարող է հիմք դառնալ հայ-ամերիկյան հետագա համագործակցության ընդլայնման համար։
Փաշինյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ը նպատակադրված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ նաև օգտակար հանածոների և հազվագյուտ հանքանյութերի արդյունահանման ու մատակարարման շղթաների ապահովման ուղղությամբ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր հերթին հայտնել է, որ Հայաստանի համար հաստատվել է 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք՝ նշելով, որ այդ ձեռքբերումը կնպաստի կայուն խաղաղությանը։
Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավագույն ձևը ռազմական լավագույն տեխնոլոգիաների տարածումն ու տեղադրումն է։ Եվ առաջին անգամ մենք հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին․ 11 միլիոն դոլարի հետախուզական անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիա՝ հայերին և մեր լավ բարեկամ վարչապետին: Սա նշանակում է նաև լրացուցիչ աշխատատեղերի բացում և ներդրումներ,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։
Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին և նախատեսում է հաջորդ օրը մեկնել Ադրբեջան։

