ԱՄՆ-ն մոդուլային ռեակտորներ կմատակարարի և 9 մլրդ դոլարի ներդրում կանի

ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանում միջուկային էներգետիկայի ոլորտում կատարել 9 մլրդ դոլարի ներդրում։ Այս մասին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Նրա խոսքով՝ ներդրումային ծրագիրը կիրականացվի երկու փուլով․ առաջին փուլում կտրամադրվի մոտ 5 մլրդ դոլար, երկրորդ փուլում՝ ևս 4 մլրդ դոլար։ Վենսը հայտնել է նաև, որ ավարտվել են «123» քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագրի բանակցությունները, ինչը հնարավորություն կստեղծի ամերիկյան և հայկական ընկերություններին համատեղ ծրագրեր իրականացնել։

ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ խոսքը վերաբերում է փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիային։ Նրա խոսքով՝ ամերիկյան տեխնոլոգիաների ներգրավումը վկայում է Հայաստանի նկատմամբ բարձր վստահության մասին և ուղղված է էներգետիկ անվտանգության ու կայունության ամրապնդմանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում հինգ հնարավոր գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի հետ։

2024 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ կառավարության նիստում որոշում էր ընդունվել նոր ատոմային էներգաբլոկի կամ էներգաբլոկների կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն։ Նույն օրը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել էր, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում իրականացնում է տեխնիկատնտեսական հետազոտություն՝ փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարությունը գնահատելու համար։

Փետրվարի 8-ի կառավարության նիստում վարչապետը առաջին անգամ հրապարակայնորեն հայտնել էր, որ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը։

Հայկական ատոմային էլեկտրակայանը ներկայում ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Շահագործման նախնական վերջնաժամկետը սահմանված էր մինչև 2016 թվականը, սակայն այն «Ռոսատոմ»-ի մասնագետների մասնակցությամբ երկարաձգվել է մինչև 2026 թվականը։ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիս»-ը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն պայմանագիր են կնքել՝ շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու միջոցառումների իրականացման վերաբերյալ։