ՀայաստանՊատահար

Երևանում ձուկ բռնելիս տղամարդը մահացել է

Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Հուլիսի 26-ի ուշ երեկոյան՝ ժամը 23։50-ի սահմաններում, Արին Բերդի հարակից տարածքում՝ Աղվեսասարի մոտ գտնվող լճի ափին, ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկանությունն ու քննչական մարմինները պարզել են՝ մահացածը 40-ամյա Ռոբերտ Գ․-ն է՝ Երևանի բնակիչ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ձկնորսության պարագաներ, իսկ մի քանի մետր հեռավորության վրա՝ էլեկտրական լարի վրա՝ ձկան կարթի մնացորդ։

Դատաբժշկական նախնական զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն նկատվել են այրվածքներ՝ հատկապես աջ ափի վրա։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ մահվան պատճառը եղել է էլեկտրահարումը։

Քննությունը շարունակվում է։ Քննչական բաժնում արդեն հարուցվել է քրեական վարույթ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։

Նախնական վարկածով՝ տղամարդը փորձել է որս անել ոչ ստանդարտ կամ վտանգավոր եղանակով՝ էլեկտրական հոսանք օգտագործելով, ինչն էլ դարձել է ճակատագրական։