ՀայաստանՊատահար

Ենոքավանում տղամարդը ընկել է զիփլայնից ու տեղափոխվել հիվանդանոց

Օգոստոսի 24-ին Տավուշի մարզի Ենոքավան գյուղում տեղի է ունեցել միջադեպ․ ժամը 16:58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ զբոսաշրջիկը ընկել է զիփլայնի հարթակից։ ՆԳՆ-ից Amnews-ին հայտնեցին, որ զբոսաշրջիկը չի ընկել զիփլայնով թռչելու ժամանակ, այլ պատրաստվել է թռիչքի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարների պարզմամբ՝ քաղաքացին ընկել է մոտ երեք մետր բարձրությունից։

Տուժածին օգնության են հասել փրկարարները, որոնք նրան մոտեցրել են շտապօգնության մեքենային։ Վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նրա առողջական վիճակի մասին տեղեկություն այս պահին չի հաղորդվում։

Ենոքավանը համարվում է արկածային զբոսաշրջության կենտրոններից մեկը, և զիփլայնը գյուղում ամենահայտնի զբաղմունքներից է։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։