ՀայաստանՊատահար

Գյումրու մարզադպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական չարաշահման համար

Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է քրեական վարույթը, որով մեղադրանք է առաջադրվել Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի նախկին տնօրենին։

Նախաքննությամբ պարզվել է, որ նա, խախտելով համայնքապետարանի հետ կնքված պայմանագիրը, թույլ է տվել իր հորը զավթել դպրոցին անհատույց տրամադրված 109 քմ տարածքի գրեթե կեսը։ Տարածքն այնուհետև վարձակալությամբ տրվել է Հնդկաստանի քաղաքացիների, իսկ ստացված գումարը չի մուտքագրվել մարզադպրոցի բյուջե։ Արդյունքում դպրոցի աշխատակիցներն ու սաները զրկվել են տարածքն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից։

Բացի այդ, տնօրենի հրամանով 2024թ․ սեպտեմբերին մարզիկներից մեկը նշանակվել է մարզիչ-մանկավարժի հաստիքին։ Սակայն 2024թ․ հոկտեմբերից մինչև 2025թ․ մայիս նա իրականում չի կատարել մարզչական գործառույթներ, բայց այդ ընթացքում նրա անունով հաշվարկվել և վճարվել է ընդհանուր 310․660 դրամ աշխատավարձ։

Տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վստահված գույքը հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Պետությանը հասցված շուրջ 1.2 միլիոն դրամ վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։

Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Սեդա Մարտոյան