ՀայաստանՊատահար

Կոտայքի մարզում առևանգման ու խոշտանգումների դեպք է բացահայտվել

Կոտայքի մարզում մի խումբ երիտասարդներ առևանգել են Բյուրեղավանի 29-ամյա բնակչի, կիսակառույց շինության ներսում ծեծի ենթարկել և գումար պահանջել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նախաքննությամբ պարզվել է, որ սեպտեմբերի 18-ին Բյուրեղավանի 28-ամյա բնակիչը, մեկ այլ անձի հետ, իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայով բռնի կերպով տեղափոխել է համաքաղաքացուն Նոր Գեղի գյուղի «Խնձորի այգիներ» կոչվող վայրում գտնվող կիսակառույց շինություն։ Այնտեղ նրանց է միացել նաև Նոր Գեղիի 30-ամյա բնակիչը, որը վիճաբանության ընթացքում փորձել է խեղդել առևանգվածին։ Վերջինս դիմադրել է՝ դանակով հարված հասցնելով նրա ոտքին և փորձելով փախչել, սակայն չի հաջողվել։

30-ամյա երիտասարդը կրակոց է արձակել ատրճանակից։ Ավելի ուշ միջադեպին միացել են մի խումբ այլ անձինք։ Նույն շինություն են բերվել նաև տուժողի երկու ընկերները, որոնք նույնպես ծեծի են ենթարկվել։ Երեք երիտասարդներին մի քանի ժամ պահելուց հետո նրանցից վերցրել են բջջային հեռախոսները և յուրաքանչյուրից պահանջել 15 հազար դոլար։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բյուրեղավանի 23-ամյա և 28-ամյա, ինչպես նաև Նոր Գեղիի 30-ամյա երկու բնակիչներ ձերբակալվել են և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։