Սպիտակում խոշոր գողություն է տեղի ունեցել․ 7 անձ կալանավորված է, 1-ը՝ տնային կալանքի տակ
Սպիտակ քաղաքում հանցավոր կազմակերպության անդամներն ապօրինի մուտք են գործել բնակարան և կատարել առանձնապես խոշոր չափի գողություն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նախաքննության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ին։ Քննչական գործողությունների ընթացքում պարզվել է, որ հանցավոր խմբի անդամներից մեկը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել տուժողի հետ և նախապես տեղեկացված է եղել, որ վերջինս իր ծննդյան տարեդարձը նշելու նպատակով բացակայելու է տնից։ Նա նաև տեղեկացել է բնակարանում պահվող գումարի, թանկարժեք զարդերի և այլ արժեքավոր իրերի մասին։
Այդ տեղեկությունները փոխանցվել են հանցավոր խմբի մյուս անդամներին, ինչպես նաև նախապես ընտրվել են հնարավոր փախուստի ճանապարհները։
Կասկածյալների բնակարաններում և նրանց օգտագործած ավտոմեքենաներում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է հափշտակված գույքի մի մասը։ Իրավապահները նաև հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարելու համար օգտագործվող գործիքներ, բնակարանների դռներ բացելու սարքեր և կապի միջոցներ։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 8 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 7-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գողության հոդվածով, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելու հոդվածով։ Եվս 1 անձի նկատմամբ էլ կիրառվել են առանձնապես խոշոր չափերով գողությանն օժանդակելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելուն օժանդակելու հոդվածները։
Դատարանի որոշմամբ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մեկի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը։
Նախաքննության ընթացքում ստացվել են նաև տվյալներ, որ հանցավոր խմբի անդամները նախկինում ևս կարող էին ներգրավված լինել տարբեր հանցագործությունների մեջ։ Քննչական գործողությունները շարունակվում են՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և խմբի կողմից հնարավոր այլ հանցագործությունները բացահայտելու նպատակով։

