ՀայաստանՊատահար

Երևանում 1,5 տարեկան երեխա է մահացել

Հուլիսի 28-ի երեկոյան Մուրացան հիվանդանոցում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ մահացել է 1,5 տարեկան երեխա։

Երեխան հիվանդանոց է տեղափոխվել Վեդիից, երթուղային տաքսիով, ծանր վիճակում՝ փսխումներով, ընդհանուր թուլությամբ և անհանգստությամբ։ Հիվանդանոցում նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Բժիշկների փոխանցմամբ, երեխան ընդունվել է հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ, և կատարվել են բոլոր անհրաժեշտ բուժմիջոցառումները՝ վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու նպատակով։

Երեխայի մոտ արձանագրվել է սրտի կանգ, սակայն սրտի մերսման շնորհիվ հաջողվել է վերականգնել գործունեությունը։ Այնուհետև ժամը 23:10-ի սահմաններում կրկին արձանագրվել է սրտի կանգ, կատարվել են վերակենդանացման գործողություններ, սակայն դրանք արդյունք չեն տվել։ Ժամը 23:50-ին արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը։ Այդ մասին իմանալով երեխայի հարազատները հարձակվել են բժշկի վրա։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ մահացած տղայի տատիկը հարձակվում է բժշկի վրա և քարշ տալիս նրա մազերից։

Հիվանդանոցից հայտնում են, որ արվել է հնարավոր ամեն ինչ երեխայի կյանքը փրկելու համար։ Միաժամանակ, հայտարարության մեջ խստորեն դատապարտվել է բուժաշխատողի հանդեպ հարազատների կողմից բռնություն կիրառելու դեպքը։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստով։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի հանգամանքները պարզելու համար իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։