
Հայկական արտադրանքը մեծ պահանջարկ է վայելել Շանհայի միջազգային ցուցահանդեսում
Հայաստանը մասնակցել է Շանհայում կայացած «Չինաստան. միջազգային ներմուծում» ամենամյա ցուցահանդեսին։ Այն Չինաստանի խոշոր ցուցահանդեսներից է, որտեղ շրջայցի շառավիղը 6 կմ է։ 158 երկիր մասնակցել է ցուցահանդեսին, որոնք ներկայացված էին ազգային և կոմերցիոն տաղավարներով։
Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը մամուլի ասուլիսին ներկայացրեց ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության արդյունքները։
Մենք շեշտը դրել էինք այս անգամ արդյունաբերական ճյուղերի, փոքր արդյունաբերական ճյուղերի, և լայնածավալ ոլորտներն էին ներկայացված, օրինակ՝ խմիչք, ոգելից խմիչքներ, գինեգործություն, քաղցրավենիք, պահածոյագործություն և այլն։
Հայաստանյան տաղավարներում 30-ից ավել ընկերություններ էին ներկայացված։ Ազգային տաղավարում ներկայացված էր պետությունը, պետական գերատեսչական ճյուղերը։ Մանուկյանի խոսքով՝ ցուցահանդեսին մեծ պահանջարկ է վայելել հայկական գինին, հատկապես՝ նռան գինին։ Այցելուները այն համտեսում էին հայկական չրերի և քաղցրավենիքի հետ։
Կոմերցիոն հատվածում ներկայացված ընկերությունները հնարավորություն են ստացել փոքր քանակությամբ արտադրանք արտահանելու։ Դրանք են քաղցրավենիք արտադրող, ոգելից խմիչքների և գինեգործական ընկերությունները։
Չինական 3 քաղաքների՝ ներառյալ Պեկինի, նահանգային և քաղաքային իշխանությունների հետ կնքվել են հուշագրեր։ Այն հիմնավորում է հայկական արտադրանքի արտոնյալ արտահանումը երկրի ազատ գոտիներ։ Մանուկյանի խոսքով՝ այն հնարավորություն է տալիս ավելի մրցակցային և մատչելի տարբերակ առաջարկել գործընկերներին, ավելի լայն հնարավորությամբ դուրս գալ ասիական շուկաներ։
Հաջորդ տարի նախատեսվում է չինացի գործարարների այց Հայաստան, որն ըստ Մանուկյանի՝ հնարավորություն կտա մրցակցության դաշտ ստեղծել ԱՊՀ երկրների համար։
Խորհրդի նախագահը հայտարարեց նաև «Հայ-ամերիկյան բիզնես կամուրջ» ծրագրի մեկնարկի մասին, որից կարող են օգտվել տնտեսվարողները։
Շուշան Ասրյան